ԹԱՏՐՈՆԻ ԱՆԶՈՒԳԱԿԱՆ ԱՍՊԵՏԸ

ՀՀ ժողովրդական արտիստ և ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, բազմաթիվ հեղինակավոր պարգևների ու տիտղոսների ասպետ Ալեքսանդր Գրիգորյանին, կարծում ենք, մանրակրկիտ ներկայացնելու անհրաժեշտություն չկա: 51 տարի պատվով ապրեցնելով Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական' Ժողովուրդների բարեկամության շքանշանակիր թատրոնի ստեղծագործական կյանքը' մեծանուն արվեստագետը անհերքելի հեղինակություն ու բարի համբավ է ձեռք բերել թատերասեր հանրության շրջանում: Շատ շատերի համար նա յուրովի նույնացել է Հայաստանի միակ պետական ռուսական թատրոնի հետ: Որքան էլ փշառատ է եղել նրա բազմատասնամյա կենսուղին, աննկատ չեն մնացել լավագույն թատերախաղերը, ըստ արժանվույն մշտապես գնահատվել է թե նրա, թե մեր միակ ռուսական թատրոնի մշակութանպաստ գործունեությունը:Ինչպես և ակնկալվում էր, բացառություն չեղավ նաև Թատրոն տաճարի անխոնջ նվիրյալի ծննդյան 80-րդ տարեդարձը: Չմոռացվեց որևէ անհատի կամ կազմակերպության կողմից: Պատշաճ մեծարվեց թե´ ՀՀ և ՌԴ նախագահներից ու պետական մի շարք բարձր ատյաններից, թե´ անվանի գործընկերներից ու հարյուրավոր ծանոթ-անծանոթ երկրպագուներից, թե´ մտերիմ-հարազատներից ու իր կյանքի կարևորագույն մասնիկը դարձած թատրոնի մշտանորոգ ընտանիքից: Ի հեճուկս առողջական խնդիրների' գրեթե նույն ինքնահատուկ խանդավառությամբ տոնեց ծննդյան օրը հարազատ թատրոնում: Մասնակցեց իր կենսապատումը յուրովի մեկտեղած վավերագրական ժապավենի փակ դիտմանը: Անչար հումորեսկներով շաղախված կենսախինդ մթնոլորտում հոգեպես գոտեպնդվեց ու… կարծես հարթմնի երազում կենդանացան նախանձելի բարեկեցիկ մանկության անջնջելի պատկերները' մեջընդմիջվելով ռուս գրականության գիտակ մայրիկի սիրելի Տուրգենևի, հանրահայտ արձակ բանաստեղծության մշտահունչ հանգերգով:

«Ի˜նչ լավն էին, ի˜նչ թարմ էին վարդերը»

... Ահա հայրական ընդարձակ ու բարետես տան հյուրասենյակից, ասես, լսվում է ավագ քրոջ' Էլեոնորայի դաշնամուրային քնարաշունչ նվագը, որով հմայված սկսեց ինքնուրույն նվագել սովորել: Նո´րան, ումից ինքն անբաժան եղավ նույնիսկ նրա առաջին սիրային ժամադրությունների ժամանակ...

Ինքնաբերաբար բացվում էր մեղմօրոր վերհուշի կծիկը' պատկերից պատկեր հանգերգի պես հնչեցնում. «Ի˜նչ լավն էին, ի˜նչ թարմ էին վարդերը»... Երանելի ամառային հանգստի օրեր նախնիների չքնաղ հայրենիքում ծվարած Խնձորեստան գյուղում, ապա Ստեփանակերտում... Փայլատակեց առաջին սիրո թագուհու' Լենայի չքնաղ պատկերը: Իտալական ֆիլմերի հերոսուհիների հիշեցնող իր Ջուլիետին հանդիպեց յոթերորդում' հանրակրթական դպրոց տեղափոխվելու առաջին իսկ օրը: Պայծառ գույներով ողողվեց կյանքը, դպրոցական առօրյան նույնիսկ: Փոխադարձ սիրով կրակված' նրանք դպրոցի տնօրենից խնդրելով պահանջեցին իրենց միևնույն դասարանում տեղավորել: Անջատման ամեն մի վայրկյան անհանդուրժելի էր երկուստեք: Միասին բազմել էին սիրո թևերին ու, առանց ժամ ու ժամանակ հարցնելու, զբոսնում էին, պարահրապարակ, կինո ու թատրոն գնում...

Երբ ռուսաց լեզվի և գրականության անկրկնելի ուսուցչուհի Ալբերտա Շվեդը կազմակերպեց Լերմոնտովի «Դիմակահանդեսի» բեմադրությունը, նրանք իրենց սիրով փայլեցին գլխավոր դերերում: Ներկայացումը քանիցս խաղարկվեց, մամուլում դրական անդրադարձներ եղան, դիտելու էին գալիս հարևան դպրոցներից: Բայց Արբենին-Սաշան շարունակում էր որպես հարձակվող կիսապաշտպան հանդես գալ Ադրբեջանի ֆուտբոլի պատանեկան հավաքականում, որի կազմում էլ առաջին անգամ եղավ Երևանում: Այո˜, պատանեկան տարիների ամենավառ հուշերը կապված են Լենայի ու ֆուտբոլի հետ: Որքան էլ տագնապած մայրն ու Նորան նորանոր հնարքներ բանեցնեին, չէին հանդարտվում իր երկու տարերքները' Լենան ու... ֆուտբոլը: Թատրոնի հանդեպ հետաքրքրությունը չմարեց: Լինելով Բաքվի բանվորական (ռուսական) թատրոնի մշտական հանդիսատեսը' մի օր էլ, ամենքից ծածուկ, գնաց մասնագիտական խորհրդատվության:

Թատրոնի ծերունազարդ ասպետի հոգու նուրբ լարերը թրթռում են, երբ մտաբերում է ռեժիսոր Գյուլնարա Գյուլահմեդովա-Մարտինովայի հետ ունեցած բովանդակա լից զրույցները: Սիրելի Գյո˜ւլայի, ով խնամքով ուղղորդեց իր քայլերը դեպի մոսկովյան թատերական բուհ: Տասնամյակն ավարտելով երեկոյան դպրոցում' ձեռք բերեց անհրաժեշտ բանվորական ստաժը և ուղևորվեց Մոսկվա' հոգում Լենայից անջատման սրտմաշուկ ցավը... Սակայն անբարեհաճ գտնվեց թատերականում այդ տարի կուրս հավաքող Անդրեյ Գոնչարովը և պատրաստվում էր գլխիկոր Բաքու վերադառնալ, երբ Մարինա զարմուհու պոետ-ֆիզիկոս Վալենտին ամուսնու թեթև ձեռքով Լենինգրադ ուղևորվող գնացքում հայտնվեց: Կայացավ իր կյանքի բախտորոշ շրջադարձը. նրբանկատ թատերամանկավարժ Լեոնիդ Վիվյենի արվեստանոցում ստացավ բարձրակարգ մասնագիտական կրթություն:

Լենինգրա´դ... Արդի հայ դրամատուրգիայի բեմավորման առաջին փորձեր, անմոռաց հանդիպում դրամատուրգ Գիգի Տեր-Գրիգորյանի հետ...

Հետո' իմաստուն Ուսուցչի հորդորով դիպլոմային գործուղում Մեծ Հայրենականի մասին ամեն քայլափոխում հիշեցնող Ստալինգրադ: Առաջին հաղթանակ' իր սերնդակիցներին հուզող «60-ականների» առաջամարտիկ Վերա Պանովայի «Հրաժեշտ սպիտակ գիշերներին» պիեսի ներգործուն մեկնաբանությամբ: Ուսուցչի առաջին բարձր գնահատականը' «Գոհ եմ, հավատում եմ քեզ»: Եվ առաջին հեղինակավոր պարգևը' համամիութենական երիտասարդական մրցույթի գլխավոր մրցանակը: Ի˜նչ լավ էր, որ անմիջապես ընդունեց նոր բեմադրության հրավերը Կալինինգրադում...

Ա˜խ, կանայք, կանայք...

Կիսաձայն ծավալվում են կնամեծար արվեստագետի խոհերը.

- Սիրել եմ բոլորիդ, մեծարել, ու այսօր հավասարապես թանկ են ինձ համար ձեր պարգևած 6 երեխաներս էլ, թոռներս էլ: Սիրել եմ խենթորեն, հավատացնո´ւմ եմ: Նույնքան, որքան բեմական զավակներիս' այսօր արդեն մոտ 150 բեմադրություններս, որոնցից շատերը, երևի թե տասը կամ քսանը, ըստ իս, կայուն հետագիծ են թողել ժամանակակից թատրոնի պատմության մեջ: Երևա˜ն, իմ վերջին սիրո հանգրվան, դժվարին փորձություններով բնավերությանը դիմակայած Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոն, տաղանդավոր խենթերի լիարժեք համախոհություն «Արշալույս» ստուդիական թատերախմբում, նոր բացահայտումներով իմաստավորվող ստեղծագործական տառապանքի շարունակական վայելք...

... Մի ակնթարթ կարծես մթագնում են երիտասարդության լուսավոր պատկերները, երբ համեմատության եզրեր է փնտրում բնօրրանի հին ու նոր օրերի միջև: Ներքին երկխոսությունը նոր հուն է մտնում.

Ինչո՞ւ պոռթկաց արյունոտ թշնամանքն իր հարազատ քաղաքում: Չէ՞ որ հաշտ ու խաղաղ ապրում էին Բաքվում հայը, ռուսը, ազերին: Դեռ նախանցյալ դարասկզբից: Երբ այստեղ հաստատվել էր մետաքսի հաջողակ վաճառական, եվրոպական բարեկրթությամբ օժտված ստեփանակերտցի Սամսոն հայրը, երջանիկ պատահականությամբ հանդիպել շամախեցի Անահիտ մորը, կուռ ընտանիք կազմել: Երբ բուռն զարգացում էր ապրում նավթարդյունաբերական քաղաքը մեծահարուստ Նոբելի, Մանթաշևի, Մաիլովների ու Արամյանների խոշոր կապիտալ ներդրումներով: Ապա, տասնամյակներ անց, Արցախյան պատերազմի ու միակողմանի պահպանվող հրադարարի թոհուբոհում, ըստ էության անպտուղ մնացած իր փոխայցը Բաքու մտավորականների խմբով, արցախյան հիմնախնդրին արդարացի լուծում գտնելու ակնկալությամբ:

- Արդեն 10 տարի մեծ հետաքրքրությամբ ընդունվում է Ժամանակի կամքով թատրոնում ծնված մեր «Փշրված շղթան» ազգային հակամարտություններով պաշարված նախկին ԽՍՀՄ տարածքի հեղինակավոր բեմերում, բայց այդպես էլ չի հաղթանակում առողջ բանականությունը: Մինչև ե˜րբ: Ղարաբաղում քարերն անգամ հայերեն են խոսում, ինչո՞ւ են համառորեն ու նենգորեն ջանում Նախիջևանի բախտին արժանացնել «մեր հայկական Շվեյցարիան»: Ինչո˜ւ: Եվ դեռ որքան անմեղ արյուն պիտի հեղվի կուսական գեղեցկությամբ աշխարհին հայտնի հայկական հողն անապատացնելու մոլուցքով... Հապա մայրաքաղաքային վերջին արյունոտ իրադարձություննե՞րը: Ե՞րբ պիտի կարողանանք չեզոքացնել մեզանում ինքնաքայքայման ժառանգական նստվածքը, միակամ պաշտպանենք մեր համազգային շահերը և չխոնարհվենք ո´չ Միացյալ Նահանգների, ո´չ Ռուսաստանի, ոչ էլ մեզնից հզոր ուրիշ տերության առջև: Որքան են շատացել տագնապեցնող հարցականները մեր կյանքում:

Սիրտը չի դիմանում դառը մտքերի հախուռն ընթացքին: Կամքի ուժով կասեցնում է անարև խոհերը: Տկարության վերահաս հուժկու գրոհներն ինքնահատուկ կենսասիրությամբ է դիմագրավել: Մի´շտ: Հաղթող է եղել' հավատալով հաղթանակին: Հայ գենի փյունիկվող ներուժն է նրանում մասունք առ մասունք հզորանում: Չէ՞ որ անսպառ է ասելիքը, անկոտրում' ստեղծագործական եռանդը: Հասարակական-քաղաքական անկանխատեսելի շրջադարձերի սեփական մեկնաբանություններին խմորվելու հնարավորություն ընձեռող նորանոր պիեսներ է պատրաստվում բեմավորել: Նոր հաղթանակի հանդեպ հավատն ամենևին չստվերվեց կասկածանքի թուխպով: Հակառակ պարագայում անկատար կմնա նվիրական երազանքը' ամենայն շքեղությամբ տոնել իրենից ընդամենը 1 տարով փոքր պաշտելի թատրոնի ծննդյան 100-ամյակը: