Երերույք

Երևան - Երերույք` 8 կմ
Երթևեկության տևողությունը` 15ր.

 

 

 

 

Նկարագրություն`
Երերույքի տաճար, եռանավ բազիլիկ տիպին պատկանող հայկական քրիստոնեական եկեղեցի ՀՀ Շիրակի մարզում, Անիպեմզա գյուղի մոտ, Ախուրյանի ձախ ափին։ Կառուցվել է քրիստոնեական վաղ շրջանում՝ 4-5-րդ դարերում։ Պահպանվել է կիսավեր վիճակում։ Երերույք անվանումն առաջացել է մատաղ անելու հեթանոսությունից մնացած սովորությունից։ Իր տեսակի մեջ համարվում է Հայաստանի հնագույն եկեղեցիներից մեկը։ Երերույքի տաճարը գտնվում է Շիրակի մարզի Անիպեմզա համայնքի մոտ, Անի մայրաքաղաքից 5 կմ հեռավորության վրա։ Ունեցել է վեց սյուն։ Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ անվանումն առաջացել է այդ սյուների միջոցով ստացված ճարտարապետական լուծման հետևանքով, որի շնորհիվ հեռվից թվացել է, թե կառույցը երերում է։ Երերույքը Հայաստանի ամենաարժեքավոր կառույցներից մեկն է։ Մասնագետների գնահատմամբ՝ այն վաղ միջնադարյան մեզ հայտնի կառույցներից ամենամեծն է։ Տաճարը հսկա բազիլիկ է՝ կառուցված ստիլոբատի (աստիճանաձև հիմք) վրա։ Իր արժանիքներով այն զարգացած միջնադարի մեզ հայտնի հայկական ճարտարապետության հիմնասյուներից է։ Եկեղեցու շուրջ մի պարիսպ կա։ Նրանից դուրս՝ այլ շինություններ, ստորգետնյա սենյակներ։ Մի քիչ ներքևում՝ ձորակի մեջ մի տարօրինակ շինություն։ Իսկ ավելի հեռու, դեպի հարավ – արևելք՝ մի ջրամբարի պատնեշ կա և մի ամբողջ բնակավայր։
Տաճարը վաղ քրիստոնեական շրջանի շինություն է, որն իր մեջ պահպանում է անտիկ ճարտարապետության ավանդույթները։ Թվագրվում է մոտավորապես 5-րդ դարով։ Տաճարի մասին պատմիչները լռում են։ Գոնե մեզ հասած ձեռագիր մատյաններում նրա մասին որևէ հիշատակություն չի հանդիպում։ Նրա մուտքերից մեկի ձախ կողմում պահպանված արձանագրությունից տեղեկանում ենք, որ 11-րդ դարում Բարգրատունյաց Հովհաննես – Սմբատ արքայի կինը ներդրումներ է կատարել՝ տաճարի վերանորոգման համար։ 2010-2011-ին աշխատել են Շիրակի Երկրագիտական թանգարանի և Ֆրանսիայից՝ Պրովանսի համալսարանին կից գործող “Միջերկրականի շուրջ գտնվող երկրների միջնադարյան հնագիտության լաբորատորիայի” մասնագետները։ Եկեղեցին գտնվում է մի մեծ համալիրի կազմում, որտեղ բազմաթիվ բաղկացուցիչ կառույցներ կան։ Դրանք, ինչպես նաև դրանց կապը տաճարի հետ մասնագետներն առայժմ համարում են առեղծվածային։ Երերույքի տաճարի տարածքում չնայած նախկինում շուրջ մեկ դար աշխատել են հնագետները, սակայն նրանց ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփ հրատարակված չեն։