Հովհաննես Թումանյանի տուն- թանգարան

Աշխատանքային ժամեր` 11:00 - 16:30
Աշխատանքային Օրեր`
Երեքշաբթի-Կիրակի
Հանգստյան օր`
Երկուշաբթի





Տեղեկություն`
1953 թ. ապրիլից, Երևանի Մոսկովյան 40 հասցեում բացվեց մեծ մտածող, հումանիստ, գրող, հեքիաթագիր Հովհ. Թումանյանի թանգարանը /ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյան/ , որտեղ խնամքով պահվում են ավելի քան 18000 ցուցանմուշներ: Դրանք ոչ միայն շատ հետաքրքիր և կարևոր տեղեկություններ պարունակող նյութեր են, այլև գրող, հասարակական գործիչ, ընտանիքի հայր, գեղագետ Թումանյանի մասին պատմող բացառիկ արժեքներ: Այցելուի ծանոթությունը այս ամենի հետ սկսվում է թանգարանի առաջին հարկի ցուցասրահներից: Այստեղ ժամանակագրական կարգով ներկայացված են Թումանյանի կյանքին և գործունեությանը վերաբերող նյութերը` լուսանկարները, նամակները, փաստաթղթերը, ձեռագրերը, հեղինակի հեքիաթների և պատմվածքների թեմաներով ստեղծված պատկերներ: Չորս սրահներով է անցնում մեծ Հայի կյանքը` ծնունդից մինչև երկրային մահ /Դսեղի տան մանրակերտից մինչև մոսկովյան հիվանդանոց, որտեղ մահացել է/ և սկսվում է նրա Երկնային անմահության ճանապարհը: Թանգարանի առաջին հարկի մի գողտրիկ անկյունից խորհրդավոր տպավորություն է գործում Թիֆլիսի Վերնատան կրկնօրինակը: Տպավորություն կա, թե հիմա, ուր որ է, Թումանյանի գլխավորությամբ այստեղ կհայտնվեն 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի մեր մեծ մտավորականները` Ղ. Աղայանը, Լ. Շանթը, Դ. Դեմիրճյանը, Կոմիտասը, Գ. Բաշինջաղյանը, Ավ. Իսահակյանը և կսկսվի բուռն ու իմաստուն զրույցը: Բարձրանանք երկրորդ հարկ: Այստեղ հուշային բաժինն է. Թումանյանի թիֆլիսյան վերջին բնակարանը վեց սենյակներով` նույնությամբ վերարտադրված և ժամանակին եղած կահավորանքով: Առանձնակի տպավորություն է գործում գրողի աշխատասենյակը` շքեղ, հարուստ: Այս միջավայրում են ստեղծվել շատ գլուխգործոցներ: Հյուրասենյակը` զարդարված հոլանդական դպրոցի նկարիչների և Գ. Բաշինջաղյանի կտավներով: Սենյակի մի անկյունում ռոյալն է, որի ստեղներին դիպել են Ալ. Սպեն-դիարյանի , Ա. Տիգրանյանի, Ռ. Մելիքյանի մատները: Ճաշասենյակը` 12 հոգու, 10 զավակների, տեր և տիկին Թումանյանների, համար բացված հսկա սեղանով և ընտիր սպասքով: Նույն հարկում առանձին սրահում ներկայացված է թանգարանի մեծագույն արժեքներից մեկը` Հ. Թումանյանի անձնական բացառիկ և բազմաբնույթ գրադարանը մոտ 8000 հատորով: Թանգարանը հարուստ է կերպարվեստի գլուխգործոցներով, որոնք զարդարել են Թումանյանի բնակարանն իր ողջության օրոք /Գ. Բաշինջաղյան, Թերլեմեզյան և այլն/, նաև այն գործերով, որոնք ստեղծվել են մեծ մտավորականի կյանքի և ստեղծագործությունների ազդեցությամբ / Մ. Սարյան, Գր. Խանջյան, Ալ. Գրիգորյան և այլն/:

Տոմսի արժեք`
Մուտքը վճարը` 500 դրամ
Ուսանողների, թոշակառուների եւ աշակերտների համար` 300 դրամ

Էքսկուրսավարի ուղեկցությամբ`
Հայերեն - 2000 դրամ
Ռուսերեն, Անգլերեն - 2500 դրամ

Հետադարձ կապ`
Հեռ` +37410-581271, 560021, 645021
Վեբ-կայք` www.toumanian.am
Էլ-փոստ` museum@toumanian.am
Հասցե` Երևան, Մոսկովյան 42

Տես նաև՝ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ՏՈՒՆ- ԹԱՆԳԱՐԱՆ
ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ
ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԹԱՆԳԱՐԱՆ
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ