Երվանդ Քոչարի թանգարան

Աշխատանքային ժամեր` 11:00-17:00
Աշխատանքային Օրեր`
Երեքշաբթի-Կիրակի
Հանգստյան օր`
Երկուշաբթի





Տեղեկություն`
Գեղանկարիչ - արձանագործ Երվանդ Քոչարի /1899 - 1979/ ստեղծագործական ժառանգությունը XX- րդ դարի Մոդեռն արվեստի ամենահետաքրքիր երևույթներից է: 1923 - 1936 թթ. Փարիզում ստեղծած իր արվեստով Քոչարը դասվեց այն մեծերի շարքում, որոնցով պայմանավորվեց եվրոպական ավանգարդն ու համաշխարհային կերպարվեստի հետագա ընթացքը: Քոչարը հիմնադիրն է Տարածական նկարչության /"Peinture dans l'espace"'/' պլաստիկ - գեղարվեստական նոր արտահայտչաձև, որը ներառում է ժամանակը որպես լրացուցիչ չորրորդ չափ: Եվրոպական արվեստաբանական միտքը Քոչարին համարում էր ժամանակակից արվեստի այն ռահվիրաններից մեկը "որոնք մի քանի տարում վերափոխեցին արդի գեղանկարչության մասին պատկերացումներն ու տակնուվրա արեցին աշխարհը..." Հայ արվեստագետը ցուցադրվել է ժամանակի խոշորագույն վարպետների՝ Պիկասոյի, Բրակի, Արպի, Բրանկուզիի, Լեժեի, Կիրիկոյի և մյուսների հետ: Նրանց, ինչպես նաև Դյուշանի, Միրոյի, Կանդիսկու, Մոհոլի - Նագիի, Դելոնեի հետ 1936թ. ստորագրել է "Դիմանսիոնիզմի մանիֆեստը", որը ժամանակի նորագույն գեղագիտական սկզբունքների ազդարարն էր: 1936թ. Քոչարը ներգաղթում է ԽՍՀՄ: Նրա ստեղծագործության "Երևանյան շրջանի" հանճարեղ փայլատակումներից են՝ "Էքստազ", "Պատերազմի արհավիրք" կտավները, ժողովրդական էպոսին նվիրված գրաֆիկական շարքը, "Զվարթնոցի արծիվ", "Մելանխոլիա", "Կիբեռնետիկայի մուսա","Վարդան Մամիկոնյան" քանդակները և Երևանի խորհրդանիշը դարձած "Սասունցի Դավիթը ": Երվանդ Քոչարի թանգարանը բացվել է 1984թ. Մաէստրոյի արվեստանոցում: Թանգարանում կարելի է ամբողջական պատկերացում կազմել արվեստագետի անցած ողջ ստեղծագործական ճանապարհի մասին. ցուցադրվում են "Թիֆլիսյան", "Փարիզյան", "Երևանյան" շրջանների գեղանկար, գրաֆիկ, քանդակ աշխատանքները, սեղմումով գործեր , Ավանգարդի մեծերի հետ Քոչարի առնչությունների մասին պատմող հազվագյուտ փաստաթղթեր ու վավերագրեր, ինչպես նաև մոնումենտալ քանդակների պլանշետներ, մանրակերտեր, ստեղծագործությունների տեսաժապավեններ և DVD- ցուցադրումներ:

Տոմսի արժեքը`
Մուտքը վճարը `700 դրամ
Ուսանողների, թոշակառուների եւ աշակերտների համար` 300 դրամ

Էքսկուրսավարի ուղեկցությամբ`
Հայերեն` 1500 դրամ
Ռուսերեն, Անգլերեն` 2500 դրամ

Հետադրձ կապ`
Հեռ` +37410-529326, 580612
Վեբ-կայք` www.kochar.am
Հասցե` Երևան, Մաշտոցի պողոտա 39/12