Ավելի քան 40 ներկայացում Երևանում. հայտնի է' երբ կմեկնարկի «ՀԱՅ ՖԵՍՏ» փառատոնը

Թատերական փառատոնի շնորհիվ թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիային, տիկնիկային, ֆիզիկական, շարժման, վիզուալ, կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպվող «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն այս տարի կկայանա սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 5-ը: 16-րդ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կրում է «ՀԱՅ ՖԵՍՏ՝ անցում դեպի թատերաշխարհ» («HIGH FEST is your PASS to the theatre world») խորագիրը: 

Այս տարի «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կհյուրընկալի 22 երկրից ժամանած ավելի քան 250 մասնակիցների և հյուրերի։ Նրանց թվում կլինեն հեղինակավոր արվեստագետներ, արտմենեջերներ, միջազգային փառատոնի նախագահներ Իսպանիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Շվեդիայից, Շվեյցարիայից, Եգիպտոսից, Հունգարիայից, Ճապոնիայից, Լեհաստանից, Իսրայելից, Ղրղըզստանից, Բելգիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Իրանից, Վրաստանից և այլ երկրներից:

Երևանյան 13 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան 40 ներկայացում:

Թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիային, տիկնիկային, ֆիզիկական, շարժման, վիզուալ, կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ:

Փառատոնի նշանավոր ներկայացումներից են Գերմանիայի «Ֆաբրիս Մագլիահ» ընկերության՝ «Մամացցա» պարային ներկայացումը, Սանկտ Պետերբուրգի երաժշտական կոմեդիայի թատրոնի՝ «Բրոդվեյի հիթեր»-ը: Այն ամբողջությամբ համապատասխանում է բրոդվեյան շոուի բոլոր պահանջներին՝ բալետային հրաշալի համարներ, բոցավառող երաժշտություն, վառ պատկերներ, անակնկալներ և տոնական տրամադրություն:

Երևանյան թատրոններից «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի հիմնական ծրագրում հանդես կգան Հ. Թումանյանի անվան տիկնիկային, «Միհր» թատրոնները և ոչ միայն:

2018թ.-ին «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը առանձնանում է սոցիալական թատրոնի ներկայությամբ, որոնք միտված են լինելու հետհեղափոխական կատարողական արվեստի խրախուսմանը։ Հիմնական ծրագրից դուրս փառատոնի ընթացքում կլինեն վարպետության դասեր, կլոր սեղաններ, հանդիպում-քննարկումներ:

«ՀԱՅ ՖԵՍՏ»-ն ամեն տարի կազմակերպում է հատուկ ծրագրեր: Այս տարի այն երկուսն են՝ «Եվրոպան փառատոների համար, և փառատոները՝ Եվրոպայի» և «Պարարվեստի արևելյան ընկերակցություն»:

Եվրոպական Փառատոների Ասոցիացիան (EFA) «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի շրջանակներում կանցկացնի «Եվրոպան փառատոների համար, և փառատոները՝ Եվրոպայի» խորագրով ծրագիրը: Այս ծրագիրը միտված է տարածաշրջանի կատարողական արվեստը ինտեգրել եվրոպական փառատոնային միջավայրին:

Ծրագիրը կարևոր է նրանով, որ ներկա են լինելու եվրոպական լավագույն փառատոների ներկայացուցիչներ, ովքեր կաշխատեն հայ մասնագետների հետ՝ նպաստելով իրենց միջազգային առաջխաղացմանը:

«Պարարվեստի արևելյան ընկերակցություն» ծրագիրը նպատակ ունի ներկայացնել ժամանակակից պարի ու պարարվեստը՝ ստեղծված լավագույն լեհ արտիստների, ուսուցիչների և մասնագետների կողմից, ում համախմբում է լեհական պարահարթակ 2017-ը: Այս ծրագրի շրջանակներում ստեղծվել է հայ-լեհական համատեղ ներկայացում, որը նույնպես կցուցադրվի փառատոնի օրերին: Ծրագրի նպատակն է զարգացնել ժամանակակից պարը Հայաստանում: Այն ունի նաև մեծ կրթական ծրագիր, որը տալիս է հնարավորություն ուսանողներին ունենալ հնարավորություն լրացնել իրենց ակադեմիական կրթությունը:

Նշենք, որ արտասահմանյան ներկայացումների մուտքը կլինի հրավիրատոմսերով, տոմսերով և անցագրերով:

«ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ կայացել է 2003-ին: Փառատոնի նախագահն է Արթուր Ղուկասյանը: 2006 թվականից «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը գլխավոր թատերական փառատոնն է նախկին ԽՍՀՄ տարածքում (բացառությամբ Մոսկվայի):

 Աղբյուր՝  www.armeniasputnik.am