Most Popular



Հայկական տուրիզմի իմ կանոնները

Սկզբնական շրջանում ես նույնպես Հայաստանում հյուր էի: Հետո միայն՝ փոքր-ինչ ուշ այն դարձավ իմ սիրելի ու հարազատ տունը։ Սկզբում ես էլ չէի կարողանում որոշել՝ ո՞ւր գնալ, որտեղի՞ց սկսել, ի՞նչ հերթականությամբ փորձել, «համտեսել» այս գեղեցիկ երկիրը: Իսկ բացահայտելու շատ բան կար։ Շատ արտասահմանցիներ և հայեր ինձ հարցնում են, թե ինչ խորհուրդ կտայի անել Հայաստանում: Նրանք զարմանում են, թե ինչու եմ ես՝ կյանքի մեծ մասը օվկիանոսի հարևանությամբ ապրած արտասահմանցիս այդքան սիրում Հայաստանը: Սա հարց է, որին ես ևս չեմ կարող միանշանակ պատասխանել: Դա ավելի շուտ փիլիսոփայական հարց է: Այսօր, երբ ես արդեն ազատ շրջում եմ ամբողջ Հայաստանով, ու անգամ ինքս եմ անծանոթներին հուշում՝ ինչպես հասնել այս ու այն փողոց, ուզում եմ առաջարկել Հայաստանի ճիշտ «համտեսման» փոքրիկ ու պիտանի ձեռնարկ։ Նախ պետք է մեքենա վարձեք։ Հրաժարվեք ձեր վայելքին արհեստականություն հաղորդող հյուրանոցներից ։ Վերցրեք վրանակացի և ժայռամագլցման համար նախատեսված հագուստ ու «չափչփեք» սարերը, դրանք իսկապես ֆանտաստիկ են։ Պիկնիկների ու սարերում զբոսանքի ժամանակ , միշտ վերցրեք լոլիկ և տնական պանիր: Առանց վերջիններիս՝ արշավն ուղղակի կիսատ կմնա։ Կանգնեք գյուղերում ու զրուցեք մարդկանց հետ։ Ունեցեք ձեզ հետ սուրճ՝ նրանց հյուրասիրելու համար ու կտեսնեք, թե ինչ կախարդական պատմություններ կլսեք՝ միասին սրճելու ընթացքում։

Երևանը երաժշտական մայրաքաղաք է։ Փորձեք անպայման ներկա լինել ֆիլհարմոնիկի համերգներից գոնե մեկին, հավատացնում եմ՝ չեք փոշմանի։

Պետք է մայրամուտն ըմբոշխնել Զվարթնոցի տաճարում ու Խոր Վիրապում: Լիալուսնի գեղեցկությունը լիովին վայելելու համար խորհուրդ կտամ այցելել Գառնի և զբոսնել Ազատ գետի ափով, կարմիր սարերի կողքով (դա կարելի է անել ամառվանից հետո, երբ օձերն այլևս այնքան էլ ակտիվ չեն)։

Պետք է հիանալ Գեղարդով ու այնտեղ լսել հոգևորականների հնչեցրած մոգական շարականները։ Անպայման այցելեք Լոռու մարզ, Քոբայրի վանք, Օձուն( ցանկալի է այնտեղ հասնել հյուսիս-արևելյան կողմից՝ վայելելով նաև Դեբետի հմայքը)։ Գնացեք Իջևանի շրջան, Լաստիվեր այցը լավագույն տարբերակներից է: Շարունակեք շարժվել դեպի հյուսիս՝ թիկունքում թողնելով զբոսաշրջիկներին և հանգստացող ընտանիքներին։ Ձիավարեք Իջևանում։

Արագածը մագլցելն առանձնակի հաճույք է: Ինքս 10 անգամ հաղթահարել եմ քառագագաթ բարձունքը, որոնցից երեքի ժամանակ ինձ ուղեկցել է շնիկս՝ Պոնչիկը: Վերադարձին կարող եք լինել չնաշխարհիկ Ամբերդում: Բոլոր այս դեպքերում, սակայն, չմոռանաք լոլիկի ու տնական պանրի մասին։ Եղեք նաև Հաղարծինի բարձունքում, իսկ Դիլիջանից վերադառնալիս էլ թեյ ըմպեք և տաք գաթա կերեք Թուֆենկյանների ռեստորանում։ Չմոռանաք նաև գերհմայիչ Նորավանքի մասին: Բայց մի սահմանափակվեք եկեղեցի այցելելով . մայրամուտից առաջ բարձրացեք դիմացի փոքրիկ սարի գագաթ,բնականաբար, պիկնիկի համար անհրաժեշտ պարտադիր բաղադրիչներով: Լիալուսնի հմայքը վայելեք Չարենցի կամարում։ Գիշերով գնացեք Բյուրական՝ վրանակացի։ Մեքենայով գնացեք Արցախ: Նախընտրելի կլինի, եթե վրանակացով գնաք Խնձորեսկ, Գանձասար, Քոլատակ, Տող, Շուշի, Ջդրդուզի կիրճ։ Իմ ամենասիրելի ճանապարհը , սակայն, Վանաձորից Դեբետի ափին զուգահեռ ձգվող M6 ճանապարհն է,որը Հայաստանի ամենագեղեցիկ տեսարաններով ճանապարհներից է: Ամեն մետրի վրա էլ կարող եք վրան խփել ու հանգստանալ: Հիշեցեք նաև գաստրոնոմիկ զբոսաշրջության մասին։ Հայաստանը համեղ երկիր է, չմոռանաք պարտադիր համտեսել ամառային տոլմա, աջաբսանդալ, լահմաջո, քյալա, ամառային աղցան, խոզի մատեր՝ հում սոխով, խաշ, ավելուկով ապուր, ռեժան՝ լավաշով ու Նոյեմբերյանի մեղրով, քամած մածուն, մանթի, սխտորով և կարմիր պղպեղով առատ կարագի մեջ պատրաստած արիշտա, արցախյան ժենգյալով հաց՝ կարմիր պղպեղով ու կարագով․․․Կարճ ասած՝ Հայաստան այցելելիս մոռացեք դիետաների մասին։

Բարի գալուստ մեր սիրո ու սիրուն երկիր: Վայելեք Հայաստանը, այն իսկապես չքնաղ է։

Աղբյուր` www.champord.am