Ես կարծում եմ, որ «Pour toi Arménie» երգը կարող է Հայաստանի օրհներգը դառնալ. Ազնավուր

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը հյուրընկալվել է Le Club de Richard Findykian ռադիոհաղորդաշարին, որի ընթացքում նա պատմել է վերջերս Հայաստան կատարած այցի, որդու մկրտության, ինչպես նաև այն մասին, որ «Pour toi Arménie» հանրահայտ ու սիրված երգը կարող է դառնալ Հայաստանի նոր օրհներգը:

«Ես կարծում եմ, որ «Pour toi Arménie» երգը, այդ մասին խոսվել է, հնարավոր է՝ դառնա Հայաստանի օրհներգը, քանի որ ներկայիս օրհներգն առանձնապես բան չի հաղորդում: Ես դա կուզենայի»,- ասել է Ազնավուրը՝ հավելելով, որ նախագահ Սերժ Սարգսյանը հավանություն է տվել այդ գաղափարին:

Շանսոնյեն ռադիոհաղորդմանը տված հարցազրույցում պատմել է Հայաստան կատարած այցի ընթացքում իր որդու՝ Նիկոլայի մկրտության մասին: Նա նշել է, որ իր բոլոր երեխաները հայկական եկեղեցում են մկրտվել, իսկ Նիկոլան մկրտության համար ընտրել է իր հոր անունը:

Նշենք, որ Նիկոլա Ազնավուրի մկրտության արարողությունը կայացել է Տաթևի վանքի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցում:

Հարցին, թե Ազնավուրն արարողության ժամանակ հավանաբար շատ է հիշել իր ծնողներին, զգացել նրանց ներկայությունը, շանսոնյեն նշել է, որ ընդհանրապես շատ է մտածում նրանց մասին: «Ես շատ հաճախ գիշերը երազումս ծնողներիս եմ տեսնում, որովհետև հայերը սիրում են երեխաներին և մեծերին»,- ասել է նա:

Շանսոնյեն պատմել է նաև «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման մասին:
«Հիմնադրամի բոլոր հարցերով զբաղվում է Նիկոլան, նա դա շատ լավ է անում»,- ասել է Ազնավուրը:
Նա նշել է, որ հիմնադրամը զբաղվելու է ամբողջ աշխարհում հայերին օգնություն տրամադրելով:

Հարցազրույցում Ազնավուրը նաև պատմել է Երևանում իր տուն-թանգարանի բացման մասին՝ նշելով, որ այն լինելու է ոչ միայն թանգարան, այլև մշակութային տուն և երիտասարդական կենտրոն: Այն փորձելու է ներգրավել երիտասարդներին, ովքեր ցանկանում են իրենց դրսևորել արվեստում, կյանքի կոչել իրենց հնարավորությունները՝ ապրելով Հայաստանում:

Աղբյուր` www.tert.am