168 Ժամ

Նկարագրություն`
«168 ժամ» թերթը հիմնադրվել է 2004 թվականի սեպտեմբերի 9-ին և կանոնավոր լույս է տեսնում մինչև օրս: Հրապարակվում է շաբաթը երեք անգամ' երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին: Երեքշաբթի և շաբաթ օրերին լույս տեսնող թերթը առավելապես տեղեկատվական ուղղվածություն ունի, աշխատում է օրաթերթի ռեժիմով: Իսկ հինգշաբթի օրվա համարը, բացի լրատվությունից, առաջարկում է նաև բազմաբովանդակ վերլուծական, հրապարակախոսական հոդվածներ: «168 Ժամ» թերթի գործունեության ամենակարևոր սկզբունքը անաչառությունն է, որևէ երևույթի, հիմնախնդրի վերաբերյալ առավելագույն չափով և բազմակողմանի տեղեկատվության տրամադրումը: «168 Ժամը» քննադատում է ոչ թե անձանց, այլ երևույթները: «168 Ժամը» անդրադառնում է մեր կենսագործունեության բոլոր ոլորտներին' քաղաքականություն, տնտեսություն, հասարակական հարաբերություններ, կրթություն, մշակույթ և այլն: Անցած տարիների մեր գործունեության մեջ ընդգծված կերպով առանձնացել է սոցիալական բնագավառի հիմնախնդիրների լուսաբանումը: «168 Ժամի» էջերում հրապարակվել են սոցիալական ծանր պայմաններում ապրող, պետության ու հասարակության կողմից անտեսված հարյուրավոր մարդկանց պատմություններ: Բարեբախտաբար, այդ հրապարակումներից շատերին արձագանքել են բազմաթիվ անհատներ, կազմակերպություններ` օգնության ձեռք մեկնելով խոցելի խմբերի քաղաքացիներին: Այդ քաղաքականությունը «168 Ժամը» շարունակելու է նաև առաջիկայում' ավելի ընդլայնելով սոցիալական խնդիրներ ունեցող մարդկանց պատմությունների լուսաբանման ձևաչափերը: Մեր գործունեության հիմքում ընկած է մարդը, քաղաքացին: «168 Ժամի» բոլոր հրապարակումների պատվիրատուն, գնահատողը և սպառողը քաղաքացիներն են: Մեր գործունեության հիմնական ուղենիշը մարդու' տեղեկացված լինելու սահմանադրական իրավունքի իրացումն է:

Կապ`
Հեռ.` +37410-584831
Վեբկայք` www.168.am
Հասցե` Երևան, Պուշկին 3ա, 2րդ հարկ