Home »

Նկարագրություն

Նկարագրություն`

Հայկական խոհանոց – հնագույններից մեկը Ասիայում և ամենահինն Անդրկովկասում: Սա հաստատում են հնէաբանները, պնդելով, որ հայերը դեռ 2500 տարի առաջ արդեն պատկերացումներ ունեին խմորման և հացաթխման մասին: Հնագույն ժամանակներից է սկիզբ առել նաև ներկայումս այդքան տարածված խորովածը:
Հայկական խոհանոցի ճաշատեսակներն առանձնանում են իրենց յուրահատուկ համով և կծվությամբ: Որպես համեմունք օգտագործվում են պղպեղ, սխտոր, չաման և մի շարք նրբահամ կանաչեղեն: Հայերը կերակրատեսակներում օգտագործում են 300 տեսակ վայրի կանաչեղեն և ծաղիկներ` որպես համեմունք և նույնիսկ որպես հիմնական ճաշատեսակ:


Հայկական խոհանոցում հատուկ տեղ են զբաղեցնում ձկնեղենից` իշխանից, թառափից և սիգից պատրաստված ճաշատեսակները:

Խաշ- Սա ամենաավանդական ճաշատեսակներից է, պատրաստում են տղամարդիկ, տավարի ոտքերից, եփելով ամբողջ գիշեր, իսկ առավոտյան հագեցած մսաջուրը ճաշակում են սխտորով, չորացրած լավաշով և քացախով:

Խաշլամա- ևս մեկ մսային կերակուր, որը պատրաստվում է հիմնականում տավարի կամ խոզի մսից, խաշվելով լոլիկի, պղպեղի, սոխի և գազարի հետ: Որոշ տնտեսուհիներ ավելացնում են նաև սև սալորաչիր կամ մոշ, թթվաշ համ ստանալու համար, ինչպես նաև գինի կամ գարեջուր:

Տոլմա- այս կերակուրը երկու սեզոն ունի: Ամառայինն այստեղ պատրաստում են մսի ֆարշով լցոնած սմբուկով, լոլիկով, պղպեղով, իսկ ձմեռայինը` կաղամբով կամ խաղողի տերևով: Խաղողի տերևները նախապես աղով մշակվում և պահածոյացվում են: Տոլման ավանդաբար մատուցում են մածունի և սխտորի սոուսով:

Լավաշ- հայերի հիմնական հացն է, որը թխում են թոնիրում։ Այն անալի սպիտակ հաց է, որը պատրաստվում է ցորենի ալյուրից բարակ բլիթների տեսքով։ Հին ժամանակներում առավելապես Հայկական լեռնաշխարհի երկրներում երկար ժամանակ թարմ հաց ունենալու համար ստեղծվեց լավաշը։ Գաղափարը կայանում էր նրանում, որ սովորական հացը թխելուց հետո կարելի է օգտագործել շատ սուղ ժամանակաընթացքում, իսկ լավաշը պատրաստելուց հետո կարելի է երկար պահել, և այն չի փչանա։ Լավաշի չորանալուց հետո նրա վրա ցանում էին ջուր, և այն փափկում էր ու նորից դառնում օգտագործման ենթակա։ Այն պատրաստում են թոնրում:
Լավաշից բացի, ալյուրից պատրաստում են նաև բազմաթիվ թխվածքներ, մեծ մասայականություն են վայելում գաթան և փախլավան:

Առանձնահատուկ հպարտության առիթ են հանդիսանում գինու մառանները և իհարկե հայակական կոնյակը:
Հնէաբաններին հաջողվեց Արենի գյուղի մոտակայքում գտնվող քարանձավներից մեկում հայտնաբերել հնագույն գինեգործարան և դրանով իսկ ապացուցել, որ հայերը զբաղվում էին գինեգործությամբ դեռ հեռավոր պղնձե դարում` ավելի քան 6000 տարի առաջ:

Հայաստանի սուրբ հողը մարդկությանը տվել է աշխարհի ամենահամեղ ու օգտակար մրգերից մեկը` ծիրանը: Ծիրանը հայկական հողի ամենահին ու ամենաքաղցրահամ միրգն է։ Ծիրանի պտուղները օգտագործում են թարմ, չորացրած և պահածոյացված վիճակում: Ծիրանից պատրաստում են հյութեր, կոմպոտներ, մուրաբաներ, ջեմեր և ցուկատներ:
Ծիրանենու փայտից պատրաստում են հայկական ամենասիրված և հայտնի երաժշտական գործիքը` դուդուկը, որը վերջին տարիներին դարձել է արևմտյան հայտնի երաժիշտների ամենասիրված արևելյան գործիքներից մեկը:
Արեւելքում նուռը հնագույն ժամանակներից պտուղների արքան է համարվել։ Նռնենին հատկապես տարածված է Հայաստանի հյուսիս-արեւելքում, Մեղրիի շրջանում։
Օգտագործում են թարմ վիճակում, նաև որպես համեմունք` ավանդական ճաշատեսակների համար։ Պտուղներից գինի, օշարակ, նռան հյութ են պատրաստում, որը թարմացնող ըմպելիք է հանդիսանում։
 

 


 

UPDATE `counter` SET `counter`='4957' WHERE `info_id`='798'