ԴՐՈՇ

Նկարագրություն`
«Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» օրենքն ընդունվել է Գերագույն Խորհրդի կողմից 1990 թ. օգոստոսի 24-ին:2005թ. նոյեմբերի 27-ի ՀՀ Սահմանադրության բարեփոխումներից հետո, 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ դրոշի մասին» նոր օրենքը։ Հայաստանի Հանրապետության դրոշը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանշաններից է։ Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով։ Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը։ Դրոշի լայնության և երկարության չափերի հարաբերությունն է 1։2-ի։ Սույն մասով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության դրոշի լայնության և երկարության հարաբերության չափերի պահպանմամբ կարող է օգտագործվել նաև փոքր կամ մեծ չափի դրոշը։